ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Աբովյան քաղաքում տեղի է ունեցել դանակահարություն, որի հետևանքով 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին` ժամը 17։50–ի սահմաններում։ Ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել։ Քիչ անց «Աբովյան» ԲԿ–ից ահազանգ է ստացվել, որ դանակահարված երիտասարդներ են տեղափոխվել իրենց մոտ։
Վիրավորները գտնվել են վիրահատարանում և ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալ։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը։
Հիվանդանոց տեղափոխվածները եղել են Կոտայքի մարզի բնակիչներ 21–ամյա Տ. Գասպարյանը, 21–ամյա Ի. Մուսայելյանը և 20–ամյա Ա. Մանուկյանը։
Ոստիկանությունը պարզել է, որ Կոտայքի մարզի 21-ամյա բնակիչներ Ա. Ծատրյանի, Ի. Մուսայելյանի, Տ. Գասպարյանի, 23–ամյա Ա. Մանուչարյանի, 20–ամյա Ա. Մանուկյանի և ոմն Գոռի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մանուկյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ինքը։
Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել Ա. Մանուկյանին և Ա. Մանուչարյանին։
Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ոմն Գոռի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզում են։