ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության կասեցումը հսկայական սխալ է, Երևանը միշտ շատ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպության անդամներից, ՏԱՍՍ - ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ- ի 2003-2016 թվականների գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Ես կարծում եմ, որ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է` մասնակցել կամ դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Իրենք են որոշում, թե անվտանգության ապահովման ինչպիսի համակարգ է լինելու Հայաստանում, հենց բարձրագույն քաղաքական ղեկավարությունը։ Եթե նրանք կարծում են, որ այդպես իրենց ավելի հարմար կլինի վարել իրենց անվտանգության քաղաքականությունը, ուրեմն դա իրենց իրավունքն է։ Ես կարծում եմ, որ դա վիթխարի սխալ է` հիմնված, առաջին հերթին, բացարձակապես ոչ հավաստի տվյալների վրա»,-կարծում է Բորդյուժան։
Նա հստակեցրել է, որ երբ Հայաստանի ղեկավարությունը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը, քիչ է մնում ասեն` հեղաշրջումներ էր պատրաստում, իսկ ՀԱՊԿ-ից ոչ մի օգնություն չկար, դա բացարձակապես ճիշտ չէ։
Նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ իր աչքի առաջ հակառակն էր կատարվում։
«Եվ թե’ Հայաստանի զինված ուժերը, թե’ ողջ Հայաստանի ուժային կառույցները հսկայական օգնություն էին ստանում` Ռուսաստանի Դաշնությունից` կազմակերպչական, գիտատեխնիկական, աջակցություն սպառազինությամբ։ Գիտեք, պարզապես տվյալները փակ են, եթե հաշվենք, թե որքան է Ռուսաստանը ներդրել Հայաստանի զինված ուժերում և ընդհանրապես Հայաստանում, ապա կարծում եմ, որ դա շատ-շատ լուրջ գումար կլինի»,-նշել է Բորդյուժան։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր ՀԱՊԿ գործունեությանը երկրի մասնակցության դադարեցման մասին: Սեպտեմբերին նա կազմակերպությունը անվանել էր «անվտանգության սպառնալիք» Հայաստանի համար և հայտարարել, որ նրա հետ հարաբերություններում անդառնալիության կետն արդեն անցել է։
Այս արտահայտություններին արձագանքել էր Կրեմլը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի դիրքորոշման հետ` ընդգծելով, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է մասնակից երկրների ինքնիշխանությունը պաշտպանելու համար և որևէ սպառնալիք չի ներկայացնում: