Վրաստանի խորհրդարանի խոսնակը հստակեցրել է՝ երբ Զուրաբիշվիլին այլևս նախագահ չի համարվի

Սալոմե Զուրաբիշվիլի
Պապուաշվիլին հայտարարել է, որ նախագահն արդեն խախտել է բոլոր նորմերը, Սահմանադրությունը, օրենքը և մարդկային էթիկայի նորմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սալոմե Զուրաբիշվիլին կդադարի լինել Վրաստանի նախագահ նորընտիր նախագահի երդմնակալության պահից՝ դեկտեմբերի 29-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Գրուզիան։
Վրաստանի խորհրդարանի շենքում այժմ ընթանում են Վրաստանի 6-րդ նախագահի ընտրությունները: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 14:00-ն, այնուհետև ԿԸՀ-ն կհաշվի քվեները և կհայտարարի արդյունքները: Վրաստանի նախագահի միակ թեկնածուն Միխեիլ Կավելաշվիլին է, որի թեկնածությունը ներկայացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմությունը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ոչ կառավարական կազմակերպությունները համարում են, որ XI գումարման խորհրդարանն ու կառավարությունը լեգիտիմ չեն: Ըստ նրանց` ապագա նախագահը նույնպես լեգիտիմ չի լինի։

«Երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, և նոր նախագահի երդման պահից տիկին Սալոմեն այլևս չի զբաղեցնի նախագահի պաշտոնը։ Իմ կոչն է չդավաճանել վրաց ժողովրդին՝ այս գործընթացը խոչընդոտելով կամ սաբոտաժ սկսելով», - ասել է Պապուաշվիլին։

Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ նախագահն արդեն խախտել է բոլոր նորմերը, Սահմանադրությունը, օրենքը և մարդկային էթիկայի նորմերը:
Իսկ այդ ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին հայտնվել է Ռուսթավելի պողոտայում, որտեղ բողոքի ակցիա է ընթանում։ Նա հայտարարել է, որ աշխատանքի է գնում նախագահի նստավայր։ Նա ԶԼՄ-ների համար այլ մեկնաբանություններ չի արել։
Զուրաբիշվիլին հրաժարվում է լքել նախագահական նստավայրը՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Օրբելիանիի պալատը։
«Մենք դեռ կտեսնենք, թե ով է հեռանալու», - գրել է նախագահը սոցցանցի իր անձնական էջում:
Զուրաբիշվիլին պնդում է` քանի դեռ երկրի իշխանությունը չի փոխվել խորհրդարանական նոր ընտրությունների միջոցով, իշխանության միակ լեգիտիմ ներկայացուցիչն ինքն է:
Հիշեցնենք` Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ իշխանությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը հանում են օրակարգից: Ամեն երեկո Վրաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում, բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների։ Ցուցարարները ուժայինների վրա քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտում, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում: