Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու փորձերը․ Պուտին

Վլադիմիր Պուտին
Պուտինը նշել է, որ Ռուսաստանում ապրում է բազմազգ և բազմակրոն ժողովուրդ, որն իր ներքին բազմազանությամբ հանդերձ եղել և լինելու է միասնական:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու և ազգային կամ կրոնական խաղաքարտ բանեցնելու փորձերը, ՌԴ–ն պատրաստ է հակահարված տալ ամբողջ ճակատում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության XXII համագումարի ժամանակ:
«Բոլոր պատմական ժամանակներում մեր հակառակորդները փորձել են սասանել այդ միասնությունը և հիմա նորից գնում են ուրիշների վրա փորձարկած սցենարով՝ փորձելով պառակտել մարդկանց, ազգային կամ կրոնական խաղաքարտ բանեցնելով։ Մենք խստորեն կկասեցնենք նման սադրանքները, կպատասխանենք ցանկացած սպառնալիքի ու մարտահրավերի, պատրաստ ենք հակահարված տալ, ինչպես ասում են, ամբողջ ճակատում»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն անցած տարիների ընթացքում որակապես փոխվել է, երկրի զարգացման օրակարգը ռազմավարական բնույթ է ստացել: Ռուսաստանը պետք է առանց հապաղելու նոր մասշտաբային խնդիրներ ու ուղենիշներ դնի իր առջև։
«Պետության, հասարակության, բիզնեսի ռեսուրսները մեծացել են։ Մեր զարգացման օրակարգը ձեռք է բերել իրապես համապարփակ, համակարգային, ռազմավարական բնույթ՝ ուղղված ապագային, ընդ որում՝ տասնամյակների տեսլականով։ Մենք ունենք այդպիսի հնարավորություն», - ասել է նա։
ՌԴ նախագահը նկատել է, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը երբեք էժանագին ժողովրդականություն չի փնտրել, ուշադիր է եղել իր խոսքերի ու որոշումների նկատմամբ:
Պուտինին ցույց են տվել «Սբերբանկի» թողարկած խելացի սարքերը