Միխեիլ Կավելաշվիլին կդառնա Վրաստանի վեցերորդ նախագահը

Միխեիլ Կավելաշվիլի
Վրաստանի նախագահի միակ թեկնածուն Միխեիլ Կավելաշվիլին էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի վեցերորդ նախագահը կդառնա Միխեիլ Կավելաշվիլին։
Դեկտեմբերի 14-ին Վրաստանում նախագահի ընտրություն է անցկացվել։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդին պետք է որոշեր 300 հոգուց բաղկացած ընտրիչների կոլեգիան։ Քվեարկությունն անցկացվել է «150+150» համակարգով։ Ընտրիչների կեսը Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն էին, մյուսները՝ մարզերի։ Նախագահի միակ թեկնածուն Միխեիլ Կավելաշվիլին էր, որի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
«Կավելաշվիլին 224 քվե է ստացել»,– հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:
Հիշեցնենք` ընդդիմությունը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ոչ կառավարական կազմակերպությունները համարում են, որ XI գումարման խորհրդարանն ու կառավարությունը լեգիտիմ չեն: Ըստ նրանց` ապագա նախագահը նույնպես լեգիտիմ չի լինի։
Զուրաբիշվիլին պնդում է` քանի դեռ երկրի իշխանությունը չի փոխվել խորհրդարանական նոր ընտրությունների միջոցով, իշխանության միակ լեգիտիմ ներկայացուցիչն ինքն է:
Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ իշխանությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը հանում են օրակարգից: Ամեն երեկո Վրաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում, բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների։ Ցուցարարները ուժայինների վրա քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտում, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում: