Դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանին

Դանիել Դանիելյան
Դանիել Դանիելյանը սպանել էր բանկի անվտանգության աշխատակցին, տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ավագ ենթասպային և հրազենային վիրավորում հասցրել անվտանգության մեկ այլ աշխատակցի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Դանիել Դանիելյանը 2018 թվականի մայիսին մտել էր «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ` 500 հազար դոլար հափշտակելու նպատակով, սպանել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդին, տարածքում ծառայություն իրականացնող՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ոստիկանության ավագ ենթասպային: Անվտանգության մեկ այլ աշխատակից ստացել էր հրազենային վիրավորում: