«Որևէ արտառոց բան ՍԱՏՄ–ի կողմից չի արվել». որքան միս է առգրավվել «Գումի» շուկայից

Նախորդ տարվա դեկտեմբերին օրենքով հաստատվել է, որ ՍԱՏՄ–ն ոչ սպանդանոցային ծագման միսը կարող է առգրավվել և ոչնչացնել, իսկ այս տարվա աշնանը հաստատվել է դրա իրականացման կարգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսուչներն այսօր «Գումի» շուկայում որևէ արտառոց, նոր բան չեն արել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից լարված իրավիճակ է «Գումի» շուկայում, քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ոստիկանների ուղեկցությամբ շուկայում փորձում են առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով` բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ Մսավաճառներն ընդվզել են, և բախում է առաջացել նրանց և ոստիկանների միջև։
Հարությունյանը նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին օրենքով հաստատվել է, որ ՍԱՏՄ–ն ոչ սպանդանոցային ծագման միսը կարող է առգրավվել և ոչնչացնել, իսկ այս տարվա աշնանը հաստատվել է դրա իրականացման կարգը։
«Այսօր որևէ արտառոց, նոր բան մեր կողմից չի արվել, որովհետև մենք հերթական ստուգման ենք գնացել։ Միակ տարբերությունն այն է եղել, որ մենք հիմնականում ստուգման ենք գնում աշխատանքային ժամերին։ Այսօր 9–ից շուտ ենք գնացել, որ հասկանանք, թե Խորենացի շուկայում (Գումի շուկա) միսը որտեղից է բերվում, ինչ ձևով։ Եթե տեսնեիք, թե միսն ինչ մեքենաներով և ոնց են բերում այդ շուկա, արդեն զզվելի է։ Մենք ամեն օր այդ բողոքը ստանում ենք քաղաքացիներից։ Մենք չենք կարող 200-300 իրացման կետի, տնտեսվարողի օգուտը վերադասել մարդկանց առողջությունից»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերել են մեծ քանակությամբ` մոտ 1 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս, որն առգարվվել է և ենթակա է ոչնչացման։ Առգրավված միսը տեղափոխող կազմակերպությունը ևս այնտեղ է եղել։
Անդրադառնալով սպանդանոցների թվին և մսավաճառների այն դժգոհությանը, թե մարզերում դրանք չկան, Հարությունյանը նշեց, որ Երևանն այդպիսի խնդիր չունի։ Սպանդանոցների խնդիր չունեն նաև Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի մարզերը։