ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Team ընկերությունների խումբը ձեռք է բերել իռլանդական Imagine Broadband օպերատորի բաժնետոմսերի վերահսկող փաթեթը։ Տեղեկությունը հայտնում է Team ընկերության մամուլի ծառայությունը։
Գործարքը կնքվել է խոշորագույն միջազգային ներդրումային Brookfield Corporation-ի հետ, որը շարունակում է ընկերությունում գործել որպես փոքրամասնական բաժնետեր։ Imagine-ը ֆիքսված ձայնային կապի և անլար լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում Իռլանդիայի ողջ տարածքում։
Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշել է, որ սա իրենց առաջին խոշոր գործարքն է Եվրոպայի տարածքում։ Եսայանի կարծիքով, բիզնեսի ընդլայնումը կարող է նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնելով միջազգային բիզնես միջավայրում։
Նշվում է, որ Imagine-ը կիրառում է բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները նույնիսկ Իռլանդիայի ամենահեռավոր բնակավայրեր արագ և հուսալի ինտերնետի հասանելիություն ապահովելու համար։ Այժմ ընկերությունը խոշոր ներդրումներ է կատարում օպտիկամանրաթելային ցանցերում։
Imagine-ի նոր ղեկավար է նշանակվել հեռահաղորդակցության և բիզնեսի ոլորտում ավելի քան քսան տարվա փորձ ունեցող Նայլ Թալլոնը։ Նրա խոսքով՝ Team ընկերությունների խմբի այս ներդրումը Imagine-ի պատմության մեջ հետաքրքիր նոր էջ է բացում։
2023 թվականին էլ Team ընկերությունների խումբը ձեռք էր բերել նաև վրացական SkyTel ընկերության բաժնետոմսեր Հայաստան մտնող ինտերնետ ուղիները դիվերսիֆիկացնելու և ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։