ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով:
Դեկտեմբերի 13-,ի նիստին չէր ներկայացել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Առավոտյան նա դատարանին նախազգուշացրել է, որ առողջական վիճակի պատճառով չի կարող գալ, և նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը կարճատև քննարկումներից հետո որոշեց հետաձգել նիստը:
Քոչարյանն ավելի հայտարարել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։