ՀՀ–ն, Հնդկաստանն ու Իրանը քննարկել են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի թեման

Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցություններ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եռակողմ խորհրդակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իրանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն, Հնդկաստանն ու Իրանը քննարկել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի թեման։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` նշելով, որ դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները:
Խորհրդակցությունները հնդկական կողմից վարել է Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ Աշջազադեն:
«Խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով «Չաբահար» նավահանգստի դերը: Հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիմնվելով 2023թ. ապրիլին Երևանում կայացած նախորդ եռակողմ խորհրդակցությունների արդյունքների վրա՝ կողմերը քննարկել են հաղորդակցային ուղիների նախաձեռնություններին, բազմակողմ հարթակներում ներգրավվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Նախանշվել են նաև առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների խթանման, մարդկանց միջև շփումների ամրապնդման ուղիները:
Երեք կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը տվյալ ձևաչափի շրջանակում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եռակողմ խորհրդակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իրանում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում:
ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ