ՀՀ ԱՆ–ն շարունակում է աղի օգտագործման դեմ պայքարը. Անահիտ Ավանեսյանը հայտնեց` ինչպես

Անահիտ Ավանեսյան
Գերատեսչությունը տարբեր արշավներ է մտածում առողջ ապրելակերպը խրախուսելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել աղի օգտագործման չափաքանակը նվազեցնելու ուղղությամբ։ Այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ հայտնեց նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ մեր երկրում աղի օգտագործումը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող չափաքանակը։
Դրա համար գերատեսչությունը շարունակում է տեղեկատվական արշավներն այս ուղղությամբ, աշխատանքներ են տարվում նաև հանրային սննդի օբյեկտների հետ՝ պատրաստվող ճաշատեսակներում աղի քանակը սահմանափակելու համար։ Քննարկում են նաև խրախուսական մոտեցումներ կիրառելու համար։
«Քննարկում ենք, այսպես ասած, ռեյտինգավորման մասին։ Օրինակ` խրախուսել, որ տվյալ սննդի օբյեկտը հետևում է ավելի բարձր ստանդարտների, առողջ սննդակարգի։ Այսինքն՝ կգնանք խրախուսական ճանապարհով, հետո կտեսնենք՝ հաջորդիվ վարչարարական գործիքներ կկիրառենք, թե ոչ»,- նշեց Ավանեսյանը։
Նախարարը շեշտեց, որ արդեն հաջողվել է հասնել նրան, որ 2 սննդամթերքում՝ հացի և պանրի բաղադրության մեջ, ԳՈՍՏ ստանդարտներով աղի ավելի քիչ չափաքանակ է հաստատվել։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունը 2022 թվականին առաջարկում էր հանրային սննդի օբյեկտներում արգելել աղամաններ դնել սեղանին, եթե հաճախորդը չի պահանջել, հակառակ դեպքում տնտեսվարողը պետք է տուգանվեր 30 հազար դրամով: Նախագիծը կյանքի չկոչվեց։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: