Բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների ՄՊՀ-ն տուգանել է ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամով

Պատճառը բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։
Տեղեկությունը հայտնում են ՄՊՀ-ից։
Վարույթի շրջանակներում արձանագրվել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ընկերությունները գները փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։
Հաղորդագրությունում նշվում է, որ անուղղակի հակամրցակցային համաձայնության վարքագիծն առավել վառ դրսևորվել է 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրանք միաժամանակ՝ նույն օրը կամ մինչև երկու օրվա տարբերությամբ, բարձրացրել և իջեցրել են ԱԻ-92 տեսակի բենզինի մանրածախ իրացման գներն այն դեպքում, երբ նրանց ծախսերը միմյանցից տարբերվել են։ Ավելին, եղել են դեպքեր, երբ ընկերությունների ինքնարժեքի իջեցումը զուգակցվել է իրացման գնի բարձրացմամբ և հակառակը։