ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ– Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Հանդիպումը տեղի է ունեցել վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության կոնտեքստում։ Մենք պայմանավորվել էինք, որ կողմերը տեխնիկական գնահատում կանեն կարիքների, որոնք անհրաժեշտ են Ախուրիկ– Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու համար»,–ասաց Ռուբինյանը։
Ռուբինյանը հավելեց, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, հանդիպմանը ներկա են եղել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են երկաթուղային ենթակառուցվածքների համար, ինչպես նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են լինելու Անիի կամրջի համատեղ վերականգնման համար։
Ռուբեն Ռուբինյանը նշեց նաև, որ թեև երկաթուղու վերագործարկման տեխնիկական մանրամասները քննարկվում են, այն վերագործարկելու քաղաքական պայմանավորվածություն չկա։
«Քաղաքական պայմանավորվածություն չկա, բայց կարող է գործընթացը նաև հակառակը լինել (նկատի ունի` սկզբում լուծվեն տեխնիկական, հետո միայն ձեռք բերվեն քաղաքական պայմանավորվածություններ,–խմբ.)։ Երկու կողմերը, հասկանալով և ըմբռնելով, որ իրենց վերջնական նպատակն է երկու երկրների սահմանի ամբողջական բացումը, իսկ այդպիսի ընկալում կա, մենք նաև նման շփումներով նախապատրաստվում ենք դրան»,– հավելեց նա։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջից Երևանն ու Անկարան սկսել են բանակցություններ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ նշանակելով հատուկ ներկայացուցիչներ։
2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս մնում է չլուծված։
2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։