ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանը և Ռուսաստանը կշարունակեն խորացնել քաղաքական փոխվստահությունը և ռազմավարական փոխգործակցությունը, ինչպես նաև հետևողականորեն ընդլայնել գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում, այսօր հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեդվեդևը Չինաստանում է երկօրյա աշխատանքային այցով։
«Չինաստանը և Ռուսաստանը խոշորագույն հարևաններ են, և բարեկամական հարաբերությունների զարգացումն անխուսափելի պատմական տրամաբանություն և հզոր ներքին շարժիչ ուժ ունի: Երկրները հավատարիմ կմնան մշտական բարիդրացիության և բարեկամության, բազմակողմանի ռազմավարական համագործակցության և փոխշահավետ համագործակցության ոգուն», – ասել է Սի Ծինփինը։
Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ անձնական ուղերձ է բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
«Անկեղծորեն ուրախ եմ մեր նոր հանդիպման համար։ Երկու տարի առաջ նման հանդիպում կայացել է, և այժմ էլ այն տեղի է ունենում մեր իշխող կուսակցությունների միջև փոխգործակցության գծով։ Ուզում եմ ձեզ փոխանցել նախագահ Պուտինի ողջույնն ու բարեմաղթանքները, ինչպես նաև նրա անձնական ուղերձը»,- ասել է Մեդվեդևը Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ։
Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակը երկու երկրների ղեկավարների ընդհանուր աշխատանքի արդյունքն է, հավելել է Մեդվեդևը՝ հիշելով չինական իմաստությունն այն մասինը, որ «նման բնավորությունները ձգում են միմյանց»:
«Մեր երկրների միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ներկայիս աննախադեպ բարձր մակարդակը այն մեծ աշխատանքի արդյունքն է, որը դուք անում եք նախագահ Պուտինի հետ։ Այստեղ կհիշեմ հայտնի չինական իմաստությունը, հուսով եմ, որ այն ճիշտ կթարգմանեն. «Նման ձայները նման են հնչում, և նման կերպարները` ձգում միմյանց»: Կարծում եմ, սա ամենից շատ համահունչ է այն բանին, թե ինչպես են զարգանում հարաբերությունները երկրների և նրանց առաջնորդների միջև», - հանդիպման ժամանակ ասել է Մեդվեդևը:
Նա նաև հայտնել է, որ երկու իշխող կուսակցությունների՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև փոխգործակցության զարգացման շրջանակներում արդեն մի շարք բանակցություններ և հանդիպումներ տեղի են ունեցել, և բարձր է գնահատել Չինաստանի Կոմկուսի պատմության թանգարանի ցուցադրությունը։
Նախորդ անգամ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը Չինաստան էր այցելել 2022 թվականի դեկտեմբերին։