Իսրայելը սկսել է զորքը դուրս բերել Լիբանանից

Իսրայելցի զինվորականներ
Նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները ենթադրում են, որ Լիբանանի հարավը վերահսկելու են միայն երկրի զինված ուժերը և ՄԱԿ-ի խաղաղապահները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելը շիական «Հզբոլլահ» շարժման հետ կնքած հրադադարի համաձայնագրի շրջանակում Լիբանանի հարավից դուրս է բերել զորքի առաջին խումբը: Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները ենթադրում են, որ Լիբանանի հարավը վերահսկելու են միայն երկրի զինված ուժերն ու ՄԱԿ-ի խաղաղապահները, իսկ Իսրայելի պաշտպանության բանակն ու «Հզբոլլահի» ուժերը հրադադարից հետո 60 օրվա ընթացքում ամբողջությամբ հեռանալու են այնտեղից:
«Կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Քուրիլան այսօր Ալ-Խիամում ներկա է գտնվել Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի առաջին դուրսբերմանը և Լիբանանի զինված ուժերով փոխարինմանը»,- ասված է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունում։
Ալ-Խիամը, չնայած լիբանանյան բանակի տեղակայմանը, այսօր ենթարկվել է իսրայելական ԱԹՍ-ի հարձակման: Նախնական տվյալով՝ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվեցին հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: