ՀԱՄԱՍ-ը կարող է համաձայնել Իսրայելի ուժերի ներկայությանը Գազայում մարտերի ավարտից հետո

ՀԱՄԱՍ–ի մարտիկ. Արխիվային լուսանկար
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը դիտարկում են նաև 60-օրյա հրադադարի սահմանում, որի ընթացքում Գազայի հատվածում մինչև 30 պատանդ ազատ կարձակվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջին անգամ հայտարարել է, որ կարող է համաձայնել գործարքի, որը թույլ կտա իսրայելական ուժերին ժամանակավորապես մնալ Գազայում մարտական գործողությունների ավարտից հետո: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով միջնորդներին։
Պարբերականի աղբյուրի համաձայն՝ խոսքը Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև ընկած Ֆիլադելֆիական և Նեցարիմ միջանցքի մասին է, որը Գազայի հատվածը բաժանում է երկու կեսի։ Շարժումը նաև համաձայնել է, որ ինքը ներկա չի լինի Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմում:
Պարբերականը գրում է նաև, որ ներկայիս առաջարկի շրջանակներում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը դիտարկում են 60-օրյա հրադադարը, որի ընթացքում Գազայի հատվածում կազատվեն մինչև 30 պատանդներ։ Դրա դիմաց Իսրայելը կազատի մի շարք պաղեստինցի բանտարկյալների և թույլ կտա ավելացնել մարդասիրական օգնության հոսքը դեպի անկլավ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
Իսրայելի գործողությունները վատթարացնում են Սիրիայում տիրող իրավիճակը. ՌԴ ԱԳՆ