Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի. Ալիևի օգնական

Հիքմեթ Հաջիև
Հաջիևը պնդում է, որ հայ–ադրբեջանական սահմանին երրորդ կողմի ներկայությունը հանգեցնում է լարվածության աճի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբեր – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Առաքելության տեղակայման նախնական որոշումը կայացվել է Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այդ ժամանակվա ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպման ժամանակ: Կողմերը պայմանավորվել են, որ առաքելությունը կլինի կարճաժամկետ, սակայն այժմ դրա գործունեությունը մշտական բնույթ է ստացել, իսկ կազմն ու մանդատը շարունակում են ընդլայնվել»,– ասել է Հաջիևը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը խաղաղ և փոխըմբռնումով է ընթանում, ինչն ավելորդ է դարձնում երրորդ կողմի ներկայությունը։
«ԵՄ առաքելությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Դա կախված է Հայաստանից և Ադրբեջանից։ Երրորդ կողմի ներկայությունը միայն մեծացնում է լարվածությունը։ Ավելին` առանձին եվրոպական պետություններ, թաքնվելով ԵՄ առաքելության հետևում, սեփական շահերն են հետապնդում Հայաստանում»,– ասել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը 2 տարով տեղակայվեց Հայաստանում 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած էր 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ - ն հայտարարեց, որ առաքելությունն ընդլայնվում է (209 մարդ նախկին 138-ի փոխարեն)։ Այս տարվա մարտին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։