Երևանում թիվ 46 ավտոբուսը վթարի է ենթարկվել․ վարորդը սթափ չի եղել

Ավտոբուսը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կ. Մկրտչյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել են միմյանց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում։
Ավտոբուսի վարորդը Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Ս. Մարտիրոսյանն է։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
«Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ»,- գրում է կայքը։
Ավտոբուսը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես հայտարարում է, թե բոլոր վարորդները, մինչև երթուղի դուրս գալը ենթարկվում են զննության։