ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ-ն 2024 թվականի 9 ամիսների արդյունքներովաճել է 4,1 %-ով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ «Եվրասիական տնտեսական հեռանկար» XII միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Նույն ժամանակահատվածում միության շրջանակներում փոխադարձ առևտուրն աճել է 12,3 %-ով։
«Սա կայուն միտում է՝ ապահովված հենց այն ինտեգրացիոն մեխանիզմների ճիշտ իրացմամբ, որոնք ընկած են Եվրասիական տնտեսական միության հիմքում», – նշել է փոխնախարարը:
Վոլվաչը նաև հիշեցրել է, որ մինչև այս տարվա վերջ կարող է որոշում ընդունվել Իրանին ԵԱՏՄ-ին կից դիտորդ-պետության պաշտոնական կարգավիճակ շնորհելու մասին (ինչպես ավելի վաղ համաձայնեցված էր): Այժմ նման կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը։
Դեկտեմբերի 12-13-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է «Եվրասիական տնտեսական հեռանկար» XII միջազգային համաժողովը, որի այս տարվա թեման է «Ինտեգրացիոն փոխգործակցությունը մեծ Եվրասիայում՝ որպես նոր բազմաբևեռ աշխարհի հիմք»:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: