Բուլղարիան ու Ռումինիան կներառվեն շենգենյան գոտում

Սոֆիա
Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները վերջնականապես հաստատել են 2025 թվականի հունվարի 1-ից Բուլղարիայի և Ռումինիայի հետ շենգենյան ցամաքային սահմանների վերահսկողության չեղարկումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի հաղորդագրությանը, որը հրապարակվել է X սոցցանցում։
ԵՄ խորհրդի որոշման համաձայն՝ մարտի 31-ից Ռումինիան և Բուլղարիան ընդգրկվել են շենգենյան տարածքում, բայց այդ երկրների համար սահմանային հսկողությունը չեղարկվել էր միայն ծովային և օդային սահմաններում, իսկ ցամաքային սահմաններում վերահսկողությունը պահպանվում էր:
Բուլղարիայի և Ռումինիայի հետ ներքին ցամաքային սահմանների վերահսկողության չեղարկման ամսաթիվը որոշելու համար ԵՄ խորհրդի միաձայն որոշումն էր պահանջվում:
Ավելի վաղ Բուլղարիայի մուտքը շենգենյան գոտի արգելափակել էին Նիդեռլանդներն ու Ավստրիան։ Հայտարարվել էր, որ Ռումինիայի և Բուլղարիայի հետագա ինտեգրումը կախված կլինի անօրինական միգրացիայի դեմ պայքարի պայմանների կատարումից: Մասնավորապես նրանք պետք է զբաղվեն այն միգրանտներով, որոնք ԵՄ տարածք են մտել իրենց սահմաններով, և թույլ չտան մուտք գործել այլ պետություններ։