Այաթոլլահ Ալի Խամենեին իր ուղերձում հստակ նշեց Սիրիայում զինված ընդդիմությանը հաղթանակ ապահոված ուժերին` հիմնական դավադիր և գլխավոր ծրագրող նշելով ԱՄՆ-ին ու սիոնիստական ռեժիմը։ Խամենին վստահություն է հայտնել նաև, որ Սիրիայի երիտասարդությունը կազատագրի երկրի օկուպացված հատվածները։ Եվ հստակ մերժել է պնդումները, թե Սիրիայում իշխանափոխությունը թուլացրել է «դիմադրության ճակատը» տարածաշրջանում և հենց Իրանում։ Հակառակը, Իրանի գերագույն առաջնորդի խոսքով` դժվարին իրավիճակներում «դիմադրության ճակատն» ավելի ուժեղ և ավելի մոտիվացված է դառնում։
Այդուհանդերձ, ինչու Իրանը չօգնեց Ասադին կամ ինչու Սիրիայի արդեն նախկին նախագահը հրաժարվեց իրանական օգնությունից։ Ասադի իշխանության տապալման և տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ իրանական արձագանքի մասին Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Նվեր Դավթյանի հետ։
«Եթե Ասադը քաղաքական կամք դրսևորեր, առնվազն հնարավորություն ստեղծեր ընդամենը 4-5 օր դիմադրելու, ապա անհրաժեշտ աջակցությունը նրան կհասներ, բայց շատ սրընթաց կերպով եղան զարգացումներ։ Պատճառների մասին տարբեր փաստեր կան, որ ցույց են տալիս՝ կա՛մ գիտակցված, կա՛մ չգիտակցված, գուցե հավատացել է արևմտյան կամ արաբական որոշ երկրների խոստումներին, թե հեռու կանգնելով Իրանից, դիմադրության առանցքից, Ռուսաստանից, կարող է երկրի տնտեսական զարգացման համար Արևմուտքից աջակցություն ստանալ, պատժամիջոցները չեղարկվեն»։
Իրանագետի խոսքով՝ Սիրիայում երկարատև քաոս է կանխատեսվում, քանի որ տարբեր ուժեր, տարբեր դերակատարներ են այնտեղ ներգրավված։
«Փաստացի Սիրիայի տարածքում առնվազն 3 նոր ռազմաքաղաքական ուժերի միջև բախումներ են հնարավոր»։