ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Նոր 1000 ռուբլիանոց թղթադրամի վրա կարող են զետեղվել Լերմոնտովի և Չայկովսկու կալվածքների պատկերները։ Այս և այլ խորհրդանիշներն ընտրվել են Ռուսաստանի բնակիչների կողմից Ռուսաստանի Բանկի կայքում առցանց քվեարկության ընթացքում, որտեղ իրենց կարծիքն են հայտնել գրեթե 700 հազար մարդ:
Խորհրդանիշները նախատեսված են Մերձվոլգյան դաշնային օկրուգին նվիրված թղթադրամի հակառակ կողմի համար։ Նիժնի Նովգորոդի տեսարաններով դիմային կողմը կմնա անփոփոխ. այն ներկայացվել է դեռ անցյալ տարի։ Նորացված թղթադրամի շնորհանդեսը նախատեսված է հաջորդ տարեվերջին:
Պենզայի մարզում գտնվող՝ Լերմոնտովի «Тарханы» պետական թանգարան-արգելոցը տեղակայված է համանուն կալվածքում, որը պատկանում էր մեծ բանաստեղծի տատիկ Ելիզավետա Արսենևային: Այստեղ է Միխայիլ Լերմոնտովն անցկացրել իր մանկությունը։
«Պ. Ի. Չայկովսկու թանգարան-կալվածք» հուշահամալիրը գտնվում է Ուդմուրտիայի Վոտկինսկ քաղաքում։ Այստեղ Իլյա Չայկովսկին աշխատել է որպես հանքարդյունաբերության ինժեներ, իսկ նրա որդի Պյոտրն անցկացրել է իր մանկությունը:
Ընտրված մյուս խորհրդանիշների թվում են Կազանի դաշնային համալսարանի գլխավոր մասնաշենքը, որն առնչվում է Նիկոլայ Լոբաչևսկու և Լև Տոլստոյի անունների հետ, Սալավաթ Յուլաևի(Բաշկիրիայի ազգային հերոս) հուշարձանը, Մայր-հովանավորի հուշարձանը, որը Չուվաշիայի հիմնական խորհրդանիշներից է:
Այս պատկերները մեկ կոմպոզիցիայի մեջ համատեղելու խնդիրը կլուծեն Գոզնակի նկարիչները, ովքեր իրենց էսքիզները կներկայացնեն Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհրդին: Հենց Խորհուրդն է ընտրում դիզայնի վերջնական տարբերակը:
Հիշեցնենք, որ շրջանառության են դրվել 100 և 5000 ռուբլի անվանական արժեքով նորացված թղթադրամներ: Ռուսաստանի Բանկը հետագայում նախատեսում է նորացնել 10, 50 և 500 ռուբլի արժողությամբ թղթադրամները: Ինչպես 1000 ռուբլիանոցի դեպքում, այս թղթադրամների խորհրդանիշները ևս կորոշվեն՝ հաշվի առնելով հանրային քվեարկությունը և փորձագիտական համայնքի կարծիքը: