Վերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում

Անցակետի հերթում գրանցված տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը հասնում է 1275–ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 508 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1275 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 508-ը հայկական են։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: