ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը պետք է համաշխարհային առաջատար դառնա ոչ միայն արհեստական բանականության ստեղծման, այլև կյանքի բոլոր ոլորտներում արհեստական բանականության կիրառման մասշտաբներով, ինչպես նաև հավասար հիմունքներով մասնակցի «ուժեղ» արհեստական բանականության ստեղծման համաշխարհային մրցավազքին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը AI Journey 2024-ի «Ճանապարհորդություն դեպի արհեստական բանականության աշխարհ» միջազգային համաժողովի լիագումար նիստում:
Գեներատիվ արհեստական բանականությամբ թվային հարթակների ստեղծումը տարբեր ոլորտներում պետք է պատրաստ լինի մինչև 2030 թվականը։
Պուտինը նշել է, որ արհեստական ինտելեկտի ոլորտում աշխատանքը պետք է հենվի հայրենական ականավոր գիտնականների ստեղծած ամուր հիմքի վրա: Նա օրինակ է բերել այնպիսի գիտնականների, ինչպիսիք են մաթեմատիկոսներ Անդրեյ Կոլմոգորովը, Ալեքսեյ Լյապունովը, պատմաբան Ալեքսանդր Գալուշկինը։
«Մեր անմիջական պարտականությունն է զարգացնել նրանց ժառանգությունը»,-հավելել է ՌԴ նախագահը:
Նա կարևորել է ԱԲ-ի կիրառումը պետական կառավարման ոլորտում, ինչը կհանգեցնի ռեսուրսների, այդ թվում՝ ֆինանսական ռեսուրսների օպտիմալացմանը և իշխանության աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի:
Պուտինը ցնցող է անվանել Մոսկվայի արդյունքները հանցավորության դեմ պայքարում արհեստական բանականությունն օգտագործելու հարցում:
«Արհեստական բանականության օգտագործման ցուցադրական ուղղություններից մեկը, իհարկե, հանցավորության դեմ պայքարն է, դուք այդ մասին խոսեցիք Արաբական Միացյալ Էմիրությունների, այդ թվում՝ Դուբայի ոստիկանության գործունեության և աշխատանքի արդյունքների օրինակով։ Եվ Մոսկվայում էլ նույնպիսի արդյունքներն են: Առաջին հայացքից պարզապես արտասովոր, եթե չասենք՝ ցնցող»,-ասել է նա։
ՌԴ-ում կողոպուտների թիվը նվազել է 10,5 անգամ, իսկ բնակարանային գողությունների թիվը՝ 34,5 անգամ հենց ԱԲ-ի հնարավորությունների օգտագործման պատճառով։ Բացի այդ, ԱԲ-ն զգալիորեն ազդում է ճարտարագիտության վրա, հնարավորություններ է բացում ռոբոտաշինության և անօդաչու սարքերի ստեղծման համար:
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի փորձը ԱԲ-ի գործնական կիրառման հարցում պահանջված է աշխարհի շատ պետություններում: Նա շնորհակալություն է հայտնել «Սբերբանկին» այն բանի համար, որ Ռուսաստանը դարձել է արհեստական բանականության քննարկման առաջատար հարթակ։