ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ժամանակին կատարել է իր առաքելությունը՝ օգնություն ցուցաբերելով Սիրիային, մեծ ջանքեր գործադրել, մնացածն արդեն Ասադի ղեկավարած իշխանության աշխատանքն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը ժամանակին օգնել է Սիրիայի Արաբական Հանրապետությանը դիմակայել ահաբեկիչներին և կայունացնել իրավիճակը, երբ դա սպառնում էր ողջ տարածաշրջանին։ Եվ դրա համար շատ ջանք է գործադրել, այդ ժամանակ Ռուսաստանը կատարել է իր առաքելությունը։ Իսկ մնացածն արդեն Ասադի ղեկավարած իշխանության գործն է, Ասադի ղեկավարությունն էր աշխատում այդ երկրում, զբաղվում երկրի զարգացմամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը կարծում է, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի թուլացմանը նպաստել է հատուկ ռազմական գործողությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: