ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հրազդանի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի երկհարկանի կամրջի երթևեկելի մասն արդեն բացվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշենք, որ կամուրջը փակ էր դեռ սեպտեմբերի վերջից, երբ հայտարարվեց Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգման մասին, ինչն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։ Այս ընթացքում առանց կցորդի մեքենաները Նոր Հաճնի կամուրջը կարող էին շրջանցել Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով մեքենաները՝ Կարենիս-Չարենցավան–Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
«Կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սկզբում հայտնարարվել էր, թե կամրջի երթևեկությունը փակ կլինի մինչև հոկտեմբերի 6-ը, այնուհետև ժամկետները փոփոխվեցին՝ պետք է փակ լիներ մինչև նոյեմբերի 12-ը։
Ըստ կապալառուի հետ կնքված պայմանագրի, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը։
Նշենք, որ կամուրջը երկհարկանի է, ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով՝ ավտոճանապարհը։
Կամրջի ամբողջական երկարությունը 640 մ է, լայնությունը՝ 14,5 մ։ Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա և ձախափնյա էստակադաներից, մետաղական թռիչքային կառուցվածքից։ Կամուրջը Հրազդան գետի մակարդակից բարձր է 121 մ։