Կանխավարկածը, թե հունվարից անշարժ գույքի շուկայում գները կիջնեն, սխալ է. Գուրգեն Գրիգորյան

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը մի քանի կետերով նշեց, թե ինչու Երևանի անշարժ գույքի շուկայում նկատելի գնային փոփոխություններ չեն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Այն կանխավարկածը, թե 2025 թվականի հունվարի 1–ից հետո, երբ Երևանում եկամտահարկի վերադարձի օրենքը չգործի, անշարժ գույքի շուկայում գները կիջնեն, սխալ է, գների էական տեղաշարժ չի լինի։ Այս մասին «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան ժողովում հայտարարեց ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը:
Նրա խոսքով` վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում գները միայն աճում են, քանի որ տարատեսակ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ շենքերի կառուցման ինքնարժեքը թանկանում է։ Դա պայմանավորված է ինչպես միջազգային շուկաներում ապրանքների և նյութերի գներով, այնպես էլ պետության կողմից վարվող քաղաքականությամբ։
«Եթե պետության կամ համայնքի կամ մատակարար կազմակերպությունների կողմից վարվող այս քաղաքականությունները լինեն շարունակական, այսինքն տուրքեր, տեղական վճարներ, հարկային օրենսդության փոփոխություններ, որոնք այժմ կան, այս ամենը հանգեցնելու է նրան, որ ինքնարժեքը չի իջնելու։ Ինքնարժեքի չնվազման պայմաններում սպառողին առաջարկվող վերջնական արյունքի պրոդուկտի գինը էական շեղում չի ունենալու»,–ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ Երևանում ճարտարապետահատակագծային առաջադրանքի շինարարության թույլտվության գծով տեղական տուրքերը և վճարները, քաղաքաշինական գործընթացների թույլտվությունների տրամադրման համար տուրքերը, վճարները նախկինում չկային, բայց Երևանի ավագանու որոշմամբ խաղի նոր կանոններ սահմանվեցին, և ներկայումս ահռելի մեծ գումար են կազմում։
Գրիգորյանի խոսքով` ինքնարժեքի բարձրացման վրա ազդում է նաև աշխատուժի թանկացումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում ամենաթանկ բնակարանները եղել են Երևանի կենտրոնական թաղամասի նորակառույց շենքերում. գները տատանվել են 560 հազարից մինչև 2,78 մլն դրամ մեկ քառակուսի մետրի համար, Արաբկիրի շրջանում ՝ 480 հազարից մինչև 1,1 մլն դրամ, Դավիթաշենում ՝ 420-ից մինչև 750 հազար դրամ:
Նշվում էր, որ 2024 թվականի առաջին կիսամյակում Երևանի նորակառույց շենքերում բնակարանների առքուվաճառքի 2552 գործարքներ են իրականացվել։