ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը և Հայաստանը փոխգործակցության ամենադժվար կետում են, սակայն քաղաքական գործիչները փոխվում են, իսկ հարաբերությունները` մնում։ Այս մասին «Հայաստանը և Ռուսաստանը տարածաշրջանային և գլոբալ վերաֆորմատավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» համաժողովում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Իրավիճակը տարածաշրջանում շատ է փոխվել, երկկողմ հարաբերությունները վտանգված են։ Կարելի է գնալ հաստատված հարաբերությունների խզման ճանապարհով, սակայն կարելի է նաև այլ կերպ դուրս գալ իրավիճակից», – ասել է նա։
Մարկեդոնովն ընդգծել է, որ նախկինում էլ երկրների միջև եղել են ճգնաժամային ժամանակաշրջաններ, սակայն պետք է հեռանալ «կենացի դիվանագիտությունից» և բովանդակալից զրույց սկսել։
Նա կոչ է արել պատասխանել հարցին՝ ինչի համար է Ռուսաստանին պետք Հայաստանը, և ինչի համար Հայաստանը` Ռուսաստանին։
«Կարելի է անդադար ասել, որ Մոսկվան բավականաչափ աշխատանք չի կատարել Ղարաբաղի հարցում։ Բայց հարց է առաջանում. իսկ ո՞րն է որակական այլընտրանքը։ Արևմուտքն այլընտրանք չի առաջարկում և չի առաջարկելու, բացի զիջումներից։ ՌԴ–ն Հայաստանին պետք է եվրասիական մեծ նախագծի համար։ Ռուսաստանն այդ թվում նաև կովկասյան տերություն է։ Եվ այդ ընդհանրությունը պետք է գիտակցել», – նշել է նա։
Փորձագետն ընդգծել է, որ Արևմուտքի նպատակն է Ռուսաստանը և Չինաստանը շրջանցող երթուղի ստեղծել, ինչի մասին բավական անկեղծ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
Ավելի վաղ Օ՛Բրայենը հայտարարել էր, որ Կենտրոնական Ասիայի երկրներն այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու հնարավորություն ունեն միայն Ռուսաստանով և Չինաստանով։ Եթե ԱՄՆ-ն կարողանա երթուղի բացել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, նրանք հասանելիություն կստանան համաշխարհային շուկաներ և կնվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից: