ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2024 թվականի հոկտեմբերին կազմել է 39,8 հազար մարդ, ինչը կազմում է ընդհանուր աշխատուժի 2,9%-ը։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վիճակագրական ծառայությունը։
2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 15,5%-ով։ Մեկ տարի առաջ զբաղվածության ծառայություններում հաշվառված էր 47,1 հազար մարդ կամ աշխատուժի 3,5%-ը։
Ամբողջ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում 2024 թվականի հոկտեմբերին գրանցվել է 684,5 հազար գործազուրկ, ինչը կազմում է աշխատունակ բնակչության ընդհանուր թվի 0,7%-ը։ Այս ցուցանիշը նույնպես նվազել է 17,2%-ով 2023 թվականի հոկտեմբերի համեմատ, երբ գրանցված գործազուրկների թիվը հասնում էր 827,2 հազարի։
Կարևոր է նշել, որ խոսքը վերաբերում է միայն գրանցված գործազուրկներին, այլ ոչ թե գործազրկության իրական մակարդակին: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության համաձայն՝ ԵԱՏՄ երկրներում գործազրկության մակարդակը 2024 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 3%։ Մասնավորապես, Հայաստանում՝ 13,8%, Բելառուսում՝ 2,9% (3-րդ եռամսյակ), Ղազախստանում՝ 4,6% (3-րդ եռամսյակ), Ղրղզստանում՝ 4,1% (2023 թվականի տվյալներով), Ռուսաստանում ՝ 2,4% (2024 թվականի 3-րդ եռամսյակ)։
Վերջին ամիսներին Հայաստանում աշխատաշուկայի նվազումը կապված է Ռուսաստանից ռելոկանտների ներհոսքի նվազման հետ։ Սա, իր հերթին, հանգեցրել է աշխատուժի պահանջարկի նվազմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրն ու ծառայությունները: