ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը և ԱՄԷ արտաքին առևտրի հարցերով պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդին հայտարարել են տնտեսական գործընկերության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
«ԵԱՏՄ-ն ակտիվորեն տնտեսական գործընկերության ցանց է ձևավորում բարեկամ երկրների հետ։ ԱՄԷ-ի հետ համաձայնագիրը կարևոր ուղենիշ է՝ հաշվի առնելով տարածաշրջանում այդ երկրի դերը որպես գլոբալ կենտրոն։ Համաձայնագիրը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր պետությունների միջև առևտրին, որն արդեն իսկ աննախադեպ աճ է ցուցադրում, ինչպես նաև համակարգային հիմք կստեղծի համագործակցային կապերի զարգացման համար»,- նշել է Անդրեյ Սլեպնյովը։
ԵՏՀ-ից պարզաբանել են, որ նախքան ստորագրումը համաձայնագիրը պետք է համապատասխան ներպետական համաձայնեցման ընթացակարգեր անցնի։
ԱՄԷ-ի հետ բանակցություններ սկսելու մասին որոշումը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդն ընդունել էր 2022 թվականի դեկտեմբերին։ 2023 և 2024 թվականների ընթացքում բանակցային չորս փուլ է տեղի ունեցել։