«Զվարթնոցում» խիտ մառախուղի պատճառով 2 ինքնաթիռ նախատեսված ժամին վայրէջք չի կատարել

Ներկայում բոլոր չվերթերը կանոնավոր կերպով իրականացվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման չվացուցակում փոփոխություն է տեղի ունեցել խիտ մառախուղի հետևանքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Դեկտեմբերի 10-ի առավոտյան խիտ մառախուղի պատճառով 2 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել նախատեսված ժամերին։
«Լառնակայից Երևան թռչող Wizz Air ավիաընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Երևանում և ուղևորվել է Թբիլիսի: Հետաձգվել է նաև Fly One Արմենիա ընկերության Մոսկվա-Երևան չվերթը, քանի որ ինքնաթիռն առավոտյան ժամը 08։00-ին պետք է մեկներ Մոսկվա։ Ներկայում ինքնաթիռն արդեն բարեհաջող օդ է բարձրացել»,- ասաց Աղաբեկյանը։
Այս պահին բոլոր չվերթները իրականացվում են համապատասխան գրաֆիկով։