ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Սիրիական զինված ընդդիմության Դամասկոս մտնելուց հետո Սիրիայի և Լիբանանի սահմանը հատել է ավելի քան 50 հազար քաղաքացի, հայտնում է լիբանանյան LBC հեռուստաալիքը։
«Վերջին տվյալներով՝ սիրիացի և լիբանանցի փախստականների թիվը, որոնք Քուսեյրի և Հոմս նահանգի այլ հատվածներում կիրակի գիշերվանից անցել են սահմանը ևմտել Լիբանանի տարածք, կազմում է ավելի քան 50 հազար մարդ»,–հաղորդում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան, Դերաան և Հոմսը։
Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։ Սիրիայի կառավարության ղեկավար ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: