ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. 2024 թ. նոյեմբերի 15–ից դեկտեմբերի 9–ը իրականացվել է 1698 ստուգայց, որի ընթացքում արձանագրվել է ձկնագողության` 12, ապօրինի վաճառքի` 72 դեպք, առգրավվել է 1215 կգ սիգ, 21 լողամիջոց և 2 ձկնորսական ցանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 18 և ՀՀ քրեական օրենսգրքի 10 հոդվածներով նախապատրաստվում են նյութեր։
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների մասին այսօրվա քննարկմանը զեկուցվել է, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ` բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել են նաև խստացված միջոցառումների ժամանակացույցի և ստուգայցերի ձևաչափի վերաբերյալ մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում նոյեմբերի 15–ից ուժեղացված միջոցառումներ են անցկացվել սիգի որսի արգելքը վերահսկելու նպատակով։
Նշենք, որ սիգի որսի արգելքը պայմանավորված է ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով։