ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մոտ է հատուկ գործողության նպատակներին հասնելուն, ուկրաինական բանակը կործանման եզրին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նարիշկինը ռուսական «Հետախույզ» («Разведчик») ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ «ճակատում իրավիճակը Կիևի օգտին չէ»։
«Բոլոր հատվածներում ռազմավարական նախաձեռնությունը մերն է։ Մենք մոտ ենք մեր նպատակներին հասնելուն, մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերը փլուզման եզրին են, Զելենսկու ռեժիմն էլ լիովին կորցրել է իր լեգիտիմությունը և, որպես հետևանք, բանակցելու կարողությունը»,- ասել է արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։