ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կորեայի ցամաքային զորքերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Կվակ Չոն Գինը հայտարարել է, որ ռազմական դրության ժամանակ երկրի նախագահ Յուն Սոկ Յոլից հրաման է ստացել կոտրել խորհրդարանի դռներն ու դուրս հանել պատգամավորներին, որպեսզի նրանք չկարողանան քվեարկել ռազմական դրության վերացման օգտին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը։
«Նախագահն ինձ զանգեց գաղտնի հեռախոսով: Ասաց, որ քվեարկության համար անհրաժեշտ քվորումը կարծես թե դեռ չկա, և հրամայեց արագ կոտրել դուռը, մտնել ներս և բոլորին դուրս հանել այնտեղից»,- ասել է Կվակ Չոն Գինը:
Նա ավելի վաղ ասել էր, որ պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյոնից հրահանգներ է ստացել՝ կանխել նախագահի սահմանած ռազմական դրության վերացման քվեարկությունը: Կվակ Չոն Գինն ասել է, որ ռազմական դրության ժամանակ երկու անգամ է հեռախոսով խոսել Յուն Սոկ Յոլի հետ, բայց հրաժարվել է հայտնել զրույցների մանրամասները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:
Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացավ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը: Իմփիչմենտ չհայտարարվեց, քանի որ իշխող կուսակցությունը բոյկոտեց քվեարկությունը։ Դրանից առաջ Յուն Սոկ Յոլը ներողություն էր խնդրել համաքաղաքացիներից և հայտարարել, որ պետական գործերը, ներառյալ իր լիազորությունների ժամկետի հարցը, վստահում է իշխող կուսակցությանն ու կառավարությանը: