ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը ևս 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տեղեկությունը հրապարակվել է ԿԲ–ի կայքում։
«Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7%,»,– ասված է հաղորդագրությունում
Հիշեցնենք` ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցրել էր նաև հոկտեմբերի 29-ին` սահմանելով 7.25%։
Նշենք, որ առևտրային բանկերը հարկ եղած դեպքում երբեմն իրենք էլ են ստիպված լինում վարկ վերցնել ԿԲ–ից` որպես վերջին ատյանի վարկատու։ Ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը վարկի գինն է, այսինքն` այն տոկոսադրույքը, որով բանկերը վարկային միջոցներ են վերցնում կարգավորիչից։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ–ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ–ն ազդում է նաև գնաճի վրա։