ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Սարալանջ փողոցում այսօր կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին տեղեկությունը ստացվել է ժամը 20։10–ի սահմաններում։ Հայտնել են,որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Նշված վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։
Կայքի տեղեկություններով` կրակոցները հնչեցրել է ռուսական համարանիշներով մեքենայի երիտասարդ վարորդը, որը դիմել է փախուստի։ Նրան չի կարողացել կանգնեցնել անգամ Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատախազը, որն այդ պահին անցնելիս է եղել տվյալ փողոցով։
Փախուստի են դիմել նաև դեպքի վայրում գտնվող ևս 2–3 ավտոմեքենաներով մարդիկ, որոնց երկուսի համարանիշներն իրավապահներն ունեն։
Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավորներ կան, թե ոչ։