ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. 5 տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում առգրավվել է ավելի քան 60 միլիոն կեղծված ապրանք։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ հղում անելով ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովին։
«Կեղծված ապրանքների շարքում մեծ մաս են կազմում հագուստը, կոշիկը, խաղերն ու խաղալիքները, ավտոպահեստամասերը, սնունդը, ալկոհոլը, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան»,- ասել է Սուլթանովը։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն աստիճանաբար ապրանքների թվային մակնշման համակարգ է ներդնում։
Օրինակ՝ ԵՏՀ վերջին որոշումներից մեկի համաձայն` դա տարածվում է մանկական հագուստի և մի շարք այլ ապրանքների վրա։ Այդ համակարգը թույլ է տալիս հետևել վաճառքի ամբողջ շղթան, ինչն էլ օգնում է բացահայտել կեղծված ապրանքները:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: