ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Զինված ընդդիմության հրամանատարությունը հայտարարել է, որ դեմ է Սիրիայում հիջաբ հագնելու պարտադրանքին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական «Ալ Վաթան» թերթին։
«Գլխավոր հրամանատարությունը կտրականապես արգելում է կանանց որոշակի ոճի հագուստ պարտադրել և արտաքին տեսքի հետ կապված պահանջներ ներկայացնել»,- ասված է հրամանատարության հայտարարությունում։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: