ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Երևանի «Ժունիոր» մարզադաշտում Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների հավաքականն այսօր 4։2 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի վետերանների հավաքականի նկատմամբ։ Այս հանդիպումը յուրահատուկ էր, որովհետև նվիրված է ֆուտբոլիստ և մարզիչ, վաղամեռիկ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին։
Լևոն Ղասաբօղլյանը 2006-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբի կազմում էր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում որպես մարզիչ էր աշխատում։ Ղասաբօղլյանը մահացավ 2020 թվականին, 34 տարեկանում։
Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին մրցել են Հայաստանի և Ռուսաստանի վետերանների հավաքականները
© Sputnik
Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանի առաջարկով է ռուս և հայ վետերան ֆուտբոլիստների հանդիպումը նվիրվել երիտասարդ մարզիչի՝ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին։
«Մեզ մոտ գործում է «մենք մերոնց չենք մոռանում» սկզբունքը։ Մեզ համար շատ կարևոր էր խաղալ Հայաստանում և նվիրել այս խաղը Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին», - Sputnik Արմենիային ասեց Միրզոյանը։
Լևոնի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը, որը երկար տարիներ բարձր է պահել հայկական ֆուտբոլի պատիվը Երևանի «Արարատի» կազմում, շատ հուզված էր հետևում հայ և ռուս վետերան ֆուտբոլիստների մրցավեճին, չնայած որ նա մեր թիմի մարզիչն էր։
Չնայած, որ խաղը ընկերական էր, խաղադաշտում բավականին հետաքրքիր պայքար էր ծավալվել։ Ռուսաստանի վետերանների հավաքականը հզոր կազմով էր հանդես գալիս՝ Եգոր Տիտով, Դմիտրի Ալենիչև, Վալերի Շմարով, Ռինատ Դասաև` այս անունները շատ հայտնի են ֆուտբոլում մինչև օրս։
Հայաստանի վետերանների հավաքականն էլ ուներ ներկայացուցչական կազմ՝ Գուրգեն Ենգիբարյան, Ալեքսանդր Թադևոսյան, Վալերի Ալեքսանյան, Գևորգ Կասպարով, Հակոբ Տեր-Պետրոսյան, Արթուր Ոսկանյան, Արթուր Քոչարյանը, Լևոն Ստեփանյան, Համլետ Մխիթարյան և ուրիշներ։
Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին մրցել են Հայաստանի և Ռուսաստանի վետերանների հավաքականները
© Sputnik
Մեր հավաքականը մրցակցին նախ և առաջ զիջում էր ֆիզիկական պատրաստականությամբ։ Ռուսաստանի վետերանների հավաքականը գործող թիմ է և շաբաթական երկու մարզում է անցկացնում, բացի այդ շատ հանդիպումների մասնակցում։ Իսկ վետերանների մեր հավաքականը կարելի է ասել խաղում է առիթից-առիթ։
Ինչևէ մեր հավաքականը արժանի դիմադրություն ցույց տվեց, ու առաջին խաղակեսից հետո Արթուր Քոչարյանի դուբլի շնորհիվ հաշիվը հավասար էր։ Բայց երկրորդ կեսի վերջնամաստում Ռուսաստանի վետերանների հավաքականը կարողացավ ևս երկու գնդակ խփել ու հաղթել։
Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին մրցել են Հայաստանի և Ռուսաստանի վետերանների հավաքականները
© Sputnik
«Նման հանդիպումները մեզ համար շատ կարևոր են։ Մենք մրցում ենք մեր ընկերների, մեր բարեկամ երկրների ֆուտբոլիստների հետ, և առաջնայինը իհարկե այդ ընկերության պահպանումն է։ Ռուսերեն շատ լավ խոսք կա՝ друзья-соперники: Խաղադաշտում մենք մրցակիցներ ենք, իսկ խաղադաշտից դուրս` ընկերներ։ Առավել ևս այս խաղը կարևոր էր, քանի որ երիտասարդ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին էր նվիրված», - նշեց լեգենդար դարպասապահ Ռինատ Դասաևը։
Հանդիպման ավարտից հետո կողմերը իրար ջերմ շնորհակալություն հայտնեցին և տրիբունաներում տեղ գտած երկրպագուների ծափերի ներքո լքեցին խաղադաշտը։