ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի թիմին 10-ամյակի կապակցությամբ՝ նշելով պարբերականի հեղինակությունը և նյութերի բարձր որակը։ Այս մասին ասվում է Լավրովի շնորհավորական հեռագրում, որը հանդիսավոր ընդունելության ժամանակ ընթերցել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անցած տասնամյակի ընթացքում Sputnik-ը փառահեղ ճանապարհ է անցել` ներկայանալով որպես հեղինակավոր հայրենական լրատվամիջոց, որը հեռարձակում է օտարերկրյա լսարանի համար։ Գործակալության անձնակազմն առանձնանում է միջազգային խնդիրների վերաբերյալ նյութերի պատրաստման բարձր մակարդակով և լրագրության համընդհանուր օրենքների հավատարմությամբ։ Այսօր Sputnik-ը արժանիորեն ներկայացնում է մեր երկիրը համաշխարհային տեղեկատվական տարածքում, աշխարհի մի շարք լեզուներով հասցնում ՌԴ դիրքորոշումը լայն հանրությանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Լավրովը առանձնահատուկ նշել է Sputnik Pro կրթական նախագիծը, որը թույլ է տալիս ոլորտի մասնագետներին և լրագրողներին ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացնել մասնագիտական կապերն ու փորձի փոխանակում իրականացնել։
«Սմոլենսկայա հրապարակում թանկ են գնահատում մեր լավ ընկերական հարաբերությունները և ակնկալում դրանց հետագա առաջանցիկ զարգացումն ու ամրապնդումը, որպեսզի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն արդյունավետ տեղեկատվական լուսաբանում ունենա։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարգավաճում, ստեղծագործական նոր հաջողություններ և ամենայն բարիք», – ասվում է նախարարի շնորհավորանքում։
Բացի այդ, Զախարովան նախարարության անունից գերատեսչական պարգևներ՝ «Փոխգործակցության համար» կրծքանշաններ է հանձնել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հեռարձակման միավորած տնօրինության տնօրեն Օլգա Լիսոգորին, Ղրղզստանում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ներկայացուցչության ղեկավար Ելենա Չերեմենինային և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հյուսիսամերիկյան խմբագրության ղեկավար Դարյա Գերասինային։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Sputnik գործակալության և ռադիոյի 14 աշխատակիցներ պարգևատրվել են նախարար Լավրովի կողմից ստորագրած շնորհակալագրերով։