Իրանը դուրս չի եկել ԳՀՀԾ–ից և խորհուրդ է տալիս արևմուտքի երկրներին վերադառնալ ծրագրին

Նոյեմբերի 29-ին Ժնևում երկամյա ընդմիջումից հետո Իրանի և «եվրաեռյակի» միջև կայացան միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Իրանի կառավարության հայտարարության համաձայն՝ դրանք կշարունակվեն առաջիկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Իրանը դուրս չի եկել միջուկային համաձայնագրից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր – ԳՀՀԾ). Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները արևմտյան երկրների հետ և խորհուրդ է տալիս նրանց վերադառնալ երկխոսության։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
«Մենք բանակցությունների բոլոր կողմերին խորհուրդ ենք տալիս վերադառնալ միջուկային գործարքին։ Մենք դուրս չենք եկել միջուկային գործարքից և պատրաստ ենք շարունակել այն, եթե բոլոր կողմերը վերդառնան դրան։ Իրանը այս ամբողջ ընթացքում ամբողջությամբ կատարում էր իր պարտավորությունները, մենք եղել ենք թափանցիկ, այդպես էլ կմնանք, սակայն եթե գործարքը դադարեցվի, մենք մեր ամբողջ տեղեկատվությունը չենք փոխանցի մարդկանց, որոնք պարզ չէ, թե ով են՝ մասնագե՞տ, թե՞ լրտես», - ISNA–ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Նոյեմբերի 29-ին Ժնևում երկամյա ընդմիջումից հետո Իրանի և «եվրաեռյակի»( Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև կայացան միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Իրանի կառավարության հայտարարության համաձայն՝ դրանք կշարունակվեն առաջիկայում։ Դրանից մեկ շաբաթ առաջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հակաիրանական բանաձևը, որը նախաձեռնել էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ընդունվել էր՝ հաշվի չառնելով գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի` Իրան գործուղման արդյունքները։
Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Իրանը չի զիջի իր դիրքերը. ԱԳՆ
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ–ն` Թրամփի նախագահության օրոք դուրս եկավ ծրագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։