Հալեպի հայ համայնքը անվտանգության երաշխիքներ է ստացել

Դեկտեմբերի 7-ին քաղաքից դուրս եկած մարդիկ քիչ–քիչ վերադառնում են, բայց էլեկտրամատակարարումը դեռ ամբողջությամբ վերականգնված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին տվել են անվտանգության երաշխիքներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բերիո հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
«Համայնքը ամեն ձևով երաշխավորված է ապահով ապրելու ու համապատասխան ազատություն վայելելու»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ և քրիստոնյա համայնքապետների հետ։
Մարիա Գաբրիելյանը նաև վստահեցրեց, որ այսօրվա դրությամբ Հալեպը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին, քաղաքն ավելի հանդարտ է։
«Հետզհետե զինյալները քչանում են, կենցաղային իմաստով` էլեկտրականության խնդիրը դեռ չի լուծվել, ամեն օր երկու ժամ է մատակարարվում, իսկ ջրի մատակարարումը վերականգնվել է։ Դրական է նաև, որ ուրբաթ օրը քաղաքից դուրս եկած մարդիկ արդեն քիչ–քիչ վերադառնում են»,– ասաց Գաբրիելյանը։
Բերիո հայոց թեմի խոսնակը հայտնեց, որ քաղաքը լքելու միասնական որոշում չի եղել. եթե այդպիսի որոշում լինի, ապա անհրաժեշտ կլինի նաև Հայաստանի իշխանությունների գործուն քայլերը` անվտանգության, հետո էլ, թեկուզ ժամանակավոր, կեցության ապահովման հետ կապված։
Դեկտեմբերի 4-ին հայտնել էինք, որ Հալեպում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, մեկնարկել է հալեպահայերին նյութական օգնության տրամադրման գործընթացը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովանավորությամբ։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: