ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող դեսպանատունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների պահպանության տակ է. նրանք թույլ չեն տալիս նկարահանել տարածքը, սակայն Sputnik Արմենիային հաջողվել է նկարել դեսպանատան շենքն առանց պետական խորհրդանիշի:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: