ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում: Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը ՝ վկայակոչելով Opta վիճակագրական պորտալը։
Հայ կիսապաշտպանը ցուցակում 8-րդն է։
Ֆուտբոլիստների վարկանիշը կազմվել է ըստ միավորների՝ հաշվի առնելով գոլերը, գոլային փոխանցումները և այլ գործողությունները: Բացասական միավորները տրվում են կանոնների խախտումների,ոչ արդյունավետ այլ գործողությունների համար:
Առաջին տեղը զբաղեցրել է «Սպարտակի» արգենտինացի կիսապաշտպան Էզեկյել Բարկոն (ով հասցրել է խաղալ նաև իր երկրի օլիմպիական հավաքականում), նրան հաջորդում է ակումբակից, Կոստա Ռիկայի հավաքականի խաղացող Մանֆրեդ Ուգալդեն, երրորդ տեղում է «Ռոստովի» ավագ և Ռուսաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Օսիպենկոն (եռյակում միակ պաշտպանական խաղացողը):
Տասնյակում են նաև Ալեքսեյ Բատրակովը («Լոկոմոտիվ»), Դուգլաս Սանթոսը («Զենիթ»), Կլաուդինյոն («Զենիթ»), Իվան Օբլյակովը (ԲԿՄԱ), Իգոր Դիվեևը (ԲԿՄԱ) և Ստեֆան Լոնչարը («Ակրոն»):