ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Եվրահանձնաժողովը կապեր չի պահպանում Սիրիայում իշխանությունը զավթած զինված ընդդիմության, այդ թվում՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորման (ստեղծվել է ՌԴ-ում արգելված «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպության հիման վրա,-խմբ.) և նրա առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ, որը հայտնի է Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանի անվամբ: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անուար էլ-Անունին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եվրահանձնաժողովը չի համագործակցում ՀԹՇ-ի հետ։ Այս խմբավորումն ընդգրկված է ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և դրա մասին որոշումը պարտադիր է Եվրամիության բոլոր երկրների համար: Իրավական ակտի վերանայումը հնարավոր է միայն միաձայն աջակցությամբ, հետևաբար՝ մենք պետք է գնահատենք ոչ թե նրանց խոսքերը, այլ գործողությունները», - նշել է նա՝ հավելելով, որ առայժմ վաղ է խոսել հնարավոր փոփոխությունների մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համեն, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։
Սիրիայի կառավարության ղեկավար Ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց: