ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին Ռուսաստանի Դաշնությունում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RT–ն։
«Ասադի գտնվելու վայրի մասին ոչինչ չկա ասելու»,- նշել է Պեսկովը։
Ինչ վերաբերում է Պուտինի պաշտոնական օրակարգում Ասադի հետ հանդիպմանն առնչվող լուրերին, մամուլի խոսնակը նշել է՝ նման որոշում չկա։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ վերցրին մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտան Դամասկոս, Սիրիայի կառավարական զորքերը ստիպված եղան նահանջել այնտեղից։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: