ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա, հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
«Արևմուտքը թեժացնում է անկայունությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում։ Իրադրությունը կայուն լարված է նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ չեն նվազում Աֆղանստանից թմրանյութերի սպառնալիքի, ահաբեկչության և ծայրահեղականության տարածման ռիսկերը»,- ասել է Վասիլևը «Союзники.ОДКБ» պարբերականին տված հարցազրույցում։
Դիվանագետը նաև մատնանշել է ՆԱՏՕ-ի աճող ակտիվությունը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ, այդ թվում՝ միջուկային ներուժ ունեցող սպառազինության համակարգերի հնարավոր տեղակայումը:
Կազմակերպությունը Եվրոպայում ընդհանուր առմամբ լարվածության աննախադեպ աճ է արձանագրում։ «Ռազմավարական իրավիճակը վատթարացել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցելուց հետո»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: Երևանը, սակայն, հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին։