ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-ում հայտարարել էր, թե իրավապահ համակարգը պատգամավորի հեռախոսն առգրավելուց հետո բախվել է այնպիսի տեղեկությունների, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում՝ այդ թվում հակահետախուզական։ Վստահեցրել էր՝ քննչականն էլ իր գործառույթների շրջանակում պարտավոր էր կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի պարունակությունը պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ ի դեմս ՀՀ վարչապետի։
«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ» հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու»,- նշեցին դատախազությունից։
Ավելի վաղ Հովիկ Աղազարյանին գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար մեղադրել էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։