Զոհվել է կամ մեկնել է ԱՄԷ. Սիրիայի նախագահի մասին տեղեկությունները հակասական են

Ըստ վարկածներից մեկի՝ Ասադին տեղափոխող ինքնաթիռը խոցել են գրոհայինները, մեկ այլ վարկածի համաձայն՝ նրան հաջողվել է տեղափոխվել Էմիրություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հակասական տեղեկություններ են ստացվում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի մասին։
Reuters գործակալության առաջ քաշած վարկածներից մեկի համաձայն՝ հնարավոր է, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով։ Սիրիայի նախագահի ինքնաթիռն ավելի վաղ օդ էր բարձրացել Դամասկոսի օդանավակայանից: Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարներից։ Գործակալության աղբյուրներից մեկի ենթադրության համաձայն`ինքնաթիռը խոցել են։
Իսկ Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական Վլադիմիր Ֆիտինը RT-ի հետ զրույցում ենթադրել է, որ Ասադին հաջողվել է մեկնել ԱՄԷ։ Նա հավելել է, որ Ասադի ընտանիքը տարհանվել է, իսկ նրա եղբայրը՝ իր ղեկավարած զորքերով, հնարավոր է, որ տեղափոխվել է Իրաք: Սիրիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Ասադի գտնվելու վայրի մասին ոչինչ չգիտի: Վերջին անգամ նրանք կապ են հաստատել նախորդ գիշեր։
Նշենք, որ դեկտեմբերի 8-ի գիշերը զինյալները մտել են Դամասկոս։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ Սիրիայի նախագահը, իբր, լքել է Դամասկոսը և գնացել «անհայտ ուղղությամբ»:
Նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»* խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
Դամասկոսում ՀՀ դեսպանությունը կշարունակի աշխատել Բեյրութից. ՀՀ ԱԳՆ